Ռուսաստանի փոստը, համագործակցելով ամենամեծ մարքեթփլեյսներից (առցանց շուկա) մեկի հետ, փորձարկել է փոստի ցամաքային փոխադրումը Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Հայաստան։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալան Կոզոնովի հայտարարությունն՝ արված կովկասյան ներդրումային համաժողովում։
Կոզոնովի խոսքով՝ Ռուսաստանի փոստն ակնկալում է, որ մոտ ապագայում ապրանքների կանոնավոր տարանցում կհաստատվի դեպի Հարավային Կովկասի երկրներ։
«Մի քանի շաբաթ առաջ խոշորագույն շուկաներից մեկի հետ համագործակցության ընթացքում իրականացրինք փոստային առաքումների և բեռների թեստային փոխադրում դեպի Հայաստանի Հանրապետություն։ Խոսքը վերաբերում է Վերին Լարսի մաքսակետով փոխադրմանը», – նշել է նա՝ չցանկանալով մանրամասնել, թե ո՞ր մարքեթփլեյսի մասին է խոսքը։
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ նախագծում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Հարավային Կովկասի հանրապետություններ տարանցումը կդառնա սովորական երթուղի», – նշել է Ալան Կոզոնովը։