«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ում պարգևատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգևատրվում:
Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգևատրել պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգևատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգևատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգևներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ»։