Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը. Վերջինիս խոսքով, հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին, մասնավորապես Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել հանդիպել Ալիևի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: Հաջիևը ընդգծել է, որ Փաշինյանի հրաժարումը Լոնդոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց համարում են նահանջ խաղաղության օրակարգից: