Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
«Խորապես ցնցված եմ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահների մահվան մասին լուրերից։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նամակում։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: