Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակացելու COP-ի 29-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում։
Ալիևի հրավեր-նամակը Փեզեշքիանին փոխանցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի կառավարության ղեկավարն Իրանի նախագահին է փոխանցել նաև Ալիևի շնորհավորանքները նախագահի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ։
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը: