Չորս քաղաքական կուսակցության ներկայացուցիչներով առաջարկում ենք եռամսյա ժամկետում՝ 100 օրվա մեջ կազմակերպել ԵՄ անդամակցության հանրաքվե. ԱԺ-ում ՀՀ–ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու լսումների ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Մեր ժողովուրդը, վերջիվերջո, պետք է ասի, թե քաղաքակրթական ո՞ր ուղղության վրա է տեսնում ՀՀ-ի զարգացումը։ Այդ քայլերը, որ ասում եք՝ երկար են, որ ԵՄ անդամակցության համար պետք է բազմաթիվ չափանիշների համապատասխանես, մենք դա գիտենք, մենք չենք սպասում, որ հենց վաղն ասեցինք ու մեզ ընդունելու են ԵՄ, էտ օգտագործում են մեր ընդդիմախոսները, որ ԵՄ-ին անդամակցելու համար հերթեր են»,-ասաց նա։
Սարգսյանը նշեց նաև, թե ինչու են ասում երեք ամիս առաջ, քանի որ այդ ընթացքում Վրաստանում խորհրդարանական համապետական ընտրություններ են, որոնք իրենց բովանդակության մեջ հանրաքվե են, Մոլդովայում ևս հանրաքվե է նախատեսվում։
«Եթե իշխանությունն ինձ հարգի ու ականջալուր լինի, մի քիչ էլ գնահատի իմ փորձը՝ այդ ընտրությունները կկատարի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991-ին արեցինք անկախության հանրաքվեն»,-ասաց նա։