«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է և իր սրտով թեկնածուի չի կարողանում ընտրել. ու թեև խորհրդարանը արձակուրդում է, այնուամենայնիվ, փնտրտուքները շարունակվում են։ Իսկ մինչ այդ ողջ ամառ ԲԴԽ-ն կաշխատի ոչ լիարժեք կազմով, քանի խորհրդարանը արձակուրդի մեջ է ու հանգստից կվերադառնա միայն սեպտեմբերին: Մինչ այդ՝ աթոռը թափուր է:
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ-ում լիազորություններն ավարտվել են բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել։ ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա անձանց ցուցակը կազմելու, հաստատելու և ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» որոշումը: Եվ ահա, այդ որոշման համաձայն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում են հայտնվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, նոտար Ատոմ Հայրապետյանը և ԲԴԽ նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը»։