Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 15 մլն 700 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը՝ առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը:
Դրանք Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվեն Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում:
Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:
Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում:
Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 – 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին: