Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում, այս մասին դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով` սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է:
«Կա´մ իշխանությունը խոստովանում է, որ ժողովրդին պատերազմի շանտաժով նոր փորձության է նախապատրաստում, կա´մ իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների պլանի իրագործման փոխարեն` իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին` պետությունը հերթական անգամ թողնելով բախտի քմահաճույքին»,- նշել է Աբրահամյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ. նա արձակուրդում է լինելու հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը: