Երանի, թե մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, ովքեր ի վիճակի կլինեին ՃԻՇՏ գնահատել ստեղծված իրավիճակն ու այդ համատեքստում Հայաստանի ու հայ ժողովրդի ամենանախընտրելի ու իրատեսական շահը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Երբ լռելն անհնար է…
Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տևող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինչպես միշտ, կարգվում է ժողովու՜րդը: Հիմա էլ Գյումրին ու գյումրեցիները: Իշխանության հետ ամեն բան պարզ է. այն շարունակում է իրագործել իր ձախավեր ծրագիրը:
Իրական պատճառը նախևառաջ այն է, որ ստեղծված իրավիճակն իսկապես բարդ է, աննախադեպ բարդ ու խճճված: Երանի, թե մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, ովքեր ի վիճակի կլինեին ՃԻՇՏ գնահատել ստեղծված իրավիճակն ու առկա իրատեսական հեռանկարները և այդ ամենի համատեքստում Հայաստանի ու հայ ժողովրդի ամենանախընտրելի ու իրատեսական ռացիոնալ շահը, դրա իրացման անխոցելի քաղաքական մարտավարությունը: Ինքնակոչ ու անհամար Սողոմոն իմաստուններին մի կողմ թողած:
Մնացածը դատարկ աղմուկ է, ինչը բացառապես օգնում է օրվա իշխանություններին՝ հանրության նորանոր շերտերի մղելով անհուսության, անտարբերության, հիասթափության ու հանրային-պետական կյանքից օտարվածության»,-գրել է նա: