«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ». իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել լրագրող-վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարություններից շուրջ վեց տարի անց, սակայն, իրական պատկերը և փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում: «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք իշխանության վերահսկողությունից դուրս ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում:
Իշխանությունները մի կողմից, իրենց իրավունքի ու ազատության պահապան հռչակած մի շարք ՀԿ-ներ մյուս կողմից, որոնք շատ դեպքերում առնչություն էլ չունեն լրագրության հետ, իրենց պարտքն են համարում մեդիադաշտի կարգավորման անվան տակ՝ ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելու: Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթևիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան:
Երեկ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՌՀ-ի հետ համատեղ, «Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանրային քննարկում էր նախաձեռնել, որի ժամանակ էլ «ավետեցին», որ մտադիր են տեսալսողական մեդայում տարածվող ատելության խոսքը վերահսկել ու այս նպատակով նոր մեխանիզմներ են մշակում: Հեռուստանման մեդիա (ԹիՎի լայք) անվան տակ մտադիր են գրաքննել և խմբագրել «Յութուբում», «Ֆեյսբուքում», «Տելեգրամում» և սոցցանցերում տարածվող կոնտենտը, չխմբագրվողներին՝ վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել: Այսինքն՝ ատելության խոսք տարածող ԶԼՄ-ները, որոնց տվյալները հայտնի են, պատասխանատվության կենթարկվեն:
Առաջին հայացքից այս դրական նախաձեռնությունն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե խնդրահարույց շատ հարցեր չլինեին: Օրինակ՝ ինչպես է մեխանիզմը գործելու օրեցօր աճող «սունկ» կայքերի դեպքում, որոնց տվյալները բացակայում են, իրական շահառուն հայտնի չէ, կամ բացվում են յութուբյան, տիկտոկյան կամ այլ սոցհարթակների էջեր, որոնք ատելության խոսք են տարածում:
Սստացվում է՝ նախագիծը մահակ է միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք բաց և թափանցիկ են գործում և պատշաճ կերպով ներկայացնում են իրական շահառուների վերաբերյալ տարեկան հայտարարագիրը. կամ որո՞նք են ատելության խոսքի և քննադատության չափորոշիչները, ո՞վ է կարգավորելու դաշտը, ինչպես է վերահսկելու կամ արդյո՞ք վերահսկողության քողի ներքո գրաքննության չեն ենթարկելու լրատվամիջոցների աշխատանքը:
Ի վերջո, արդյոք սա նոր գործիք չի՞ դառնա իշխանության ներկայացուցիչների համար՝ ատելության խոսքի անվան տակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար: Սրանք հարցեր են, որոնք անհանգստացնում են մեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, և որոնց պատասխանները քնարկման հեղինակները չտվեցին:
Ի դեպ, թեև նախագիծը ՀՌԱՀ-ի հետ համատեղ պետք է արվեր, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ չկար»։