Այնտեղ ոչ սահմանազատում կա, ոչ էլ՝ սահմանագծում, կան միակողմանի հանձնումներ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանազատման գործընթացին:
«Եվ հենց առաջին օրվանից էլ մենք ասել ենք, որ դա հակասահմանադրական է, հակասում է միջազգային բոլոր սկզբունքներին և երաշխավորների բացակայություն գոյություն ունի։ Այնտեղ կա թելադրանք և հարկադրանք»,-նկատեց Սրբազանը։
Նա նշեց, թե այն ինչ տեղի է ունենում սահմանին, պետության սահմանների անհասկանալի ձևախեղում է։
«Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, ոչ թե այս մարդիկ։ Այս մարդիկ խաղաղությունը մուրում են ուղղակի։ Նրանք այնտեղ ասում են Սահմանադրությունը փոխեք, սրանք այստեղից ասում են՝ մեկ ամսից կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Սա բանակցությո՞ւն եք համարում»,-ասաց Սրբազանը։ Հարցին՝ պայքարի ժամկետը լրանում է, ի՞նչ են անելու հետագայում, Բագրատ Սրբազանն արձագանքեց.
«Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է։ Ասել եմ 4 օր, հետո էլ կարող է ևս 4 օր ասեմ, հետո էլ մի տարի ասեմ։ Այս օրը չափազանց կարևոր է։ Ես ասել եմ, եթե մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը, անհամաձայնությունը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնելու»։