ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջեւ առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային եւ ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:
«Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:
Ալեն Սիմոնյանը պատվիրակության անդամներին շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստանի համար կարեւորագույն հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւերի համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին: