Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Բայրամովն իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել․ «Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը, բայց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա: