«12 քաղաք, 11 հազար 450 բնակարան, 241 գյուղ, 13.450 տուն, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 9 մշակույթի կենտրոն, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, որից 4-ը տուն-թանգարան, երաժշտական դպրոցներ, 1 ուսումնարան, 17 համույթ, 11 արվեստի դպրոց, 156 գրադարան, թատրոններ, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 11 սպորտդպրոց, 232 մարզադահլիճ, 4 մարզադաշտ…»,-ահա այսպես այսօր «Մեկ տարի առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսին Արցախի կորուստները մեկ առ մեկ գույքագրված ներկայացրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը:
Կորուստները, ցավոք, այդքանով չեն սահմանափակվում՝ 5000 հուշարձան, 400 միջնադարյան գերեզման, 2200 խաչքար, 31 պետական գերատեսչություն, 1 օդանավակայան, 4 ջրամբար, ջրանցքներ, Սարսանգից բացի 37 ՀԷԿ ևս, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ, 21 հազար խոզ, 58 հազար մանր անասուն, 46.750 խոշոր եղջերավոր, անտառներ, հեկտարով նռան այգիներ, 27 հազար մարդատար, 8000 բեռնատար մեենա, 2046 գյուղտեխնիկա, 445 կմ ասֆալտապատ ճանապարհներ եւ այլն: Ընդ որում, սրա մեջ չի մտել մասնավոր բիզնեսի կրած կորուստները՝ բազմաթիվ հյուրանոցներ, մոթելներ, գազալցակայաններ, ծառայությունների ոլորտում գործող բիզնեսներ: Ինչպես Արմեն Սարգսյանը նշեց, ավելի քան 100 մլրդ դոլարի գույք է մնացել Արցախում: