Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվում էին ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարվել են գողություններ։
Ձեռագիրը նույնն էր․ ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռան ապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։
Ձեռարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ, առավոտյան ժամը 6․05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն՝ նույնականացման և բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ՝ պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու և սրահից գողություն կատարելու 13 դեպք։
Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















