Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի երեկո»։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակից:
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։ Հիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, կրոնական առաջնորդների և հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգևոր և մշակութային մեծ կորստի տարելիցը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Արցախում վտանգված հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարդասիրական այն ողբերգությանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրա: Տարելիցի միջոցառմանն իր ներկայությամբ պատվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 հուշարձան։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ելույթին հաջորդել է երաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարյանի (դաշնամուր), Վարդան Հովհաննիսյանի (դուդուկ) և Մարիա Աբաջան-Շաբերի (օպերա) կատարումներով:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վերք է յուրաքանչյուր հայի սրտում և մարդու հիմնարար իրավունքների խախտում, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից: Մենք կշարունակենք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի: