Քանի այս իշխանությունը կա, ձեռքբերումների մասին խոսելն անհնար է, ամբողջը «իլյուզիաներ» են՝ նախընտրական շոուներ, ոչ թե իրականություն: 24News-ի հետ զրույցում 2025 թ-ն այսպես բնութագրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հիշեցրեց, որ տարին ավարտվում է, բայց խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել:
«Նախաստորագրումը որևէ խնդիր չի լուծել, ասում են՝ ցորեն ենք բերում, բենզին ենք բերում, բայց դրանք «ռազվի» ակցիաներ են, որոնք Ալիևի ու Փաշինյանի խաղաղության միֆը սնուցելու նպատակ ունեն: Իրական ձեռքբերումների մասին խոսք լինել չի կարող: Հերթական տարին գլորվում է, իսկ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտում, տարածքները շարունակում են օկուպացված լինել: Երբ Տավուշում տարածքներ էին հանձնվում, իշխանությունը հայտարարում էր՝ սահմանազատումը շարունակվելու է, մեր օկուպացված տարածքները հետ են վերադարձվելու, բայց մինչև օրս ոչ մի սանտիմետր հող մեր սուվերեն տարածքից դեօկուպացված չէ»:
Պատգամավորը 2025-ի փորձություններից առանձնացրեց հատկապես Եկեղեցու դեմ Փաշինյանի կողմից վարվող արշավը: Ըստ նրա՝ ինչ կարդացել էինք պատմության դասագրքերում, այսօր կատարվում է հայկական ազգանուն կրող մարդու կողմից:
«Այսօրվա իշխանությունները փորձում են Եկեղեցին հիմնահատակ քանդել և ուղղակի ամորֆ մի կառույց ստեղծել. այսինքն՝ 1700 տարվա ազգային ինքնության, ազգապահպանության առաքելություն ունեցող կառույցին զրկում են նույնը իրականացնելու հնարավորությունից։ Այն, ինչ արվում է Եկեղեցու նկատմամբ, բացառապես թուրք-ադրբեջանական պատվեր է»:
Աննա Գրիգորյանը հիշեցրեց նաև, որ անցնող տարում ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց կալանավորել են ազատ խոսքի համար, նրանց թիվն աննախադեպ քանակի է հասել․
«Բանտարկված են հոգևորականներ, պատգամավոր, ազգային բարերար, բլոգերներ, էս մարդիկ կարծիք են պարզապես հայտնել: Փաշինյանն ինչքան ավելի շատ է առավոտից իրիկուն սրտիկներ անում, այնքան ավելանում է քաղբանտարկյալների թիվը»:
Շարունակելով խոսել կորուստներից՝ Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ ՀՀ-ում անկում է ապրել ժողովրդավարությունը, չկա սոցիալական բարեկեցության առաջընթաց, թոշակները հավասարեցված չեն նվազագույն սպառողական զամբյուղին, պետական պարտքը 7 տարում գրեթե կրկնապատկվել է:
«Լիահույս եմ, որ 2026-ին իրավիճակը կկարողանանք բեկել, ժողովրդի հետ պիտի շատ աշխատենք, էն հունը, որով այսօր գնում է մեր պետությունը, պիտի փոխենք, այլապես Նիկոլը ստիպելու է գնալ ու կողմ քվեարկել մի Սահմանադրության, որն Ալիևի պատվերով է գրվում: Նիկոլի վերընտրվելու դեպքում ադրբեջանցիների գալը ՀՀ շոշափելի է դառնալու, անկլավների հարցն է առաջ գալու, որը հարված է մեր միջպետական ճանապարհներին»:
Աննա Գրիգորյանը նշեց նաև՝ «2021-ին Նիկոլի վերընտրությունը արժեցավ Արցախի գինը, պիտի թույլ չտանք, որ 2026-ին էլ ՀՀ-ի գինն ունենա»:

















