ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակված նոր փաստաթղթի հիման վրա կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրելու գործընթացը՝ հայտարարելով, որ այն փաստացի միջանցք է՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։
«Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերյալ այս հարթակում տեղադրված կես տասնյակ հոդվածներում իմ արտահայտած բոլոր մտահոգությունները այժմ լիովին հաստատվել են վերջերս հրապարակված նոր փաստաթղթով։
Այս փաստաթուղթը պետք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ և եռակողմ համաձայնությունների համատեքստում, որտեղ, ի լռումն ընդհանուր ապաշրջափակման դրույթի, առանձին կետով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։
Դժվար է բառեր գտնել՝ հասկանալու, ապա նկարագրելու համար, թե որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը, և նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին հատկացվի ընդամենը 26 տոկոս։
Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26։ Ցանկացած այլ բանակցող, գոնե երկու բառ իրար կապելու ունակ, այս՝ առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանությունը խաթարող նախագծում, առնվազն 50 տոկոս կպահանջեր։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանները բանակցողները խոսքի արվեստին չեն տիրապետում։ Նրանց առաջ պայման են դնում, իրենք՝ գլխով են անում։ Սա է ողջ «բանակցությունը»։
Ցանկացած բանակցություն կառուցվում է հետևյալ պարզ տրամաբանությամբ․ հնչում է առաջարկ, մյուս կողմը փորձում է բանակցել ավելի լավ պայմաններ։ Լավ բանակցողը կարողանում է, վատ բանակցողը՝ ոչ։ Եթե 26 տոկոս մասնաբաժինը ներկայացվում է որպես հաղթական արդյունք, ապա գուցե ի սկզբանե Հայաստանին սեփական երկրում, սուվերեն հողի վրա, էլ ավելի փոքր մասնաբաժին են առաջարկել, ենթադրենք՝ 15 տոկոս, և ԱԳՆ-ն «հերոսաբար» բանակցել է՝ այն բարձրացնելով ոչ պակաս ստորացուցիչ 26 տոկոսի։ Կամ եթե ի սկզբանե արդեն 26 տոկոս են առաջարկել, հայկական կողմը լուռ համաձայնել է՝ առանց որևէ բանակցության։
Ցանկացած դեպքում Հայաստանի ողորմելիության այս ինդեքսը միաժամանակ երկու բան է նշանակում․ առաջին՝ առաջարկը ձևակերպող կողմն այսքանով է գնահատում Հայաստանի իրավունքը սեփական հողի վրա, երկրորդ՝ առաջարկն ընդունող կողմն այնքան անկարող է բանակցելու, որ դա համարում է ձեռքբերում։
Այս բոլորը նշելով հանդերձ՝ կրկնեմ առաջին օրվանից իմ դիրքորոշումը այս հարցում․ ի սկզբանե ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի բացակայության պայմաններում, միջանցքի հարցը օրակարգում ընդհանրապես չպետք է լիներ։
Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ, կարելի՞ էր գոնե նման գործարքին համաձայնելիս առնվազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26 տոկոսը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին։ Ահա և ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա»,-գրել է Օսկանյանը։

















