44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի օգոստոսի վերջերին, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Սեպտեմբեր ամսվա սկզբներին, երբ Ազգային Ժողովը արձակուրդից վերադառնա՝ զեկույցը կներկայացվի։ Աշխատանքների ծավալը շատ մեծ է, դրա համար է պարբերաբար հետաձգվում»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնության չեն գալիս՝ նա պատասխանել է, որ ամեն բան տեսագրված է և նման հարց չի կարող լինել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեռ 2023-ի դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ 6 ամիս է՝ ընթանում է ամփոփիչ զեկույցի մշակումը: Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված է միայն իշխանությունը, ասել է թե, միայնակ քննում են իրենց իշխանության օրոք տեղի ունեցած պատերազմի պարտության պատճառները: Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել էր ներգրավվել այդ աշխատանքներում՝ կասկածի տակ դնելով հանձնաժողովի օբյեկտիվությունը։
Ամիսներ առաջ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մայիսի վերջին զեկույցը պատրաստ կլինի, սակայն այն դեռ պատրաստ չէ հրապարակման։
Նշենք նաև, որ զեկույցը կարող է ունենալ բաց և փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաև ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն: