ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը ծանոթացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, որն ուղարկվել է ԱԺ գաղտնի բաժին և չի հանրայնացվել:
Նա Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ անգամ զեկույցի հանրայնացումից հետո հանրությունը դժվար կարողանա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալ:
«Այնպես չէր, որ այդ զեկույցով պատերազմի բոլոր դրվագների հետ կապված եզրահանգում էր ներկայացվել: Գիտեք՝ նրա մասին չէ, որ զեկույցը որակո՞վ է, թե՞ որակով չէ, ճի՞շտ է, թե՞ սխալ, իշխանության դիտանկյունի՞ց է ներկայացված, թե՞ այլ ազդեցության, բայց այնպես չի, որ այդ զեկույցը բոլոր հարցերի պատասխանը տվել է:
Անկախ այն հանգամանքից, թե քննիչ հանձնաժողովի զեկույցում ում վրա ինչ ուղղորդում է արված և ինչ թիրախավորմամբ է արված, նույնիսկ այդ պայմաններում դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, մարդ, ով ղեկավարել է ամբողջ գործընթացը»,- նկատեց նա:

















