Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Էսլինգեն ամ Նեքարի քաղաքապետ Մաթիաս Կլոպֆերը սպառնալիքներ է ստացել իր առողջության և կյանքի համար, այն բանից հետո, երբ թույլատրել է քաղաքապետարանի դիմաց տեղադրել սատանայի արձան, հաղորդում է Bild թերթը։
«Սատանան կանգնած է քաղաքապետարանի առջև… Էսլինգենի քաղաքապետը (խմբ.) մահվան սպառնալիքներ է ստանում սատանայի արձանի պատճառով», — նշել է թերթը։
Ինչպես նշում է թերթը, մոտավորապես 200,000 եվրո (մոտավորապես 224,000 դոլար — խմբ.) արժողությամբ քանդակը, որը տեղադրվել է հոկտեմբերի 4-ին՝ Էսլինգենի 1250-ամյակի առթիվ, հղում է տեղական լեգենդին, ըստ որի՝ մի վաճառական մի անգամ սոխով քաղաքից դուրս է քշել սատանային։
Դրա հետ մեկտեղ, Bild-ի տվյալներով, քաղաքի ավելի քան 5,6 հազար բնակիչներ խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով արձանը հանել քաղաքապետարանի դիմացի հրապարակից: Խիստ քննադատության են ենթարկվել քանդակի հեղինակ Թիմ Բենգելը եւ դրա տեղադրմանը հավանություն տված Էսլինգենի քաղաքապետ Մաթիաս Կլոպֆերը, որի հասցեին նաեւ սպանության ուղղակի սպառնալիքներ են ստացվել, ճշգրտում է թերթը՝ վկայակոչելով քրեական ոստիկանության տվյալները: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Bild-ի տվյալներով՝ նահանգի բողոքական եկեղեցին արձագանքել է արձանի տեղադրմանը՝ հայտարարելով, որ այն «չի սպառնում քրիստոնեական հավատքին» և «չի քարոզում սատանիզմ»: Էսլինգենի քաղաքապետարանն այժմ քննարկում է արձանի մոտ տեսախցիկ տեղադրելու հարցը:

