Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր կիրականացվեն 6 հիմնական ապրանքախմբի համար։
Փորձնական ծրագրում ընդգրկված են հետևյալ ապրանքախմբերը՝
- Բժշկական արտադրատեսակներ (դեղագործական արտադրանք, հակաբիոտիկներ, վիրակապական նյութեր, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, բժշկական ձեռնոցներ/հագուստ, ապակե սրվակներ, լաբորատոր սպասք, հաշմանդամային սայլակներ, ակնոցներ/ոսպնյակներ, բժշկական/վիրաբուժական/ռենտգենյան ապարատներ, բժշկական կահույք և այլն),
- Սննդամթերք (հրուշակեղեն, կիսապատրաստուկներ և սառեցված արտադրանք),
- Կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ,
- Ավտոպահեստամասեր, դողեր և ավտոդողեր,
- Պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ, հեծանիվներ,
- Բնական մորթուց հագուստի առարկաներ և պարագաներ:
Տեղեկացնենք, որ տնտեսվարողների մասնակցությունը փորձնական ծրագրին կամավոր է։ Փորձնական փուլի ամբողջ ընթացքում մասնակիցներին անհրաժեշտ քանակությամբ դրոշմավորման ծածկագրերը կտրամադրվեն անհատույց։
Փորձնական ծրագրի ընթացքում տնտեսվարողները հնարավորություն կունենան իրական աշխատանքային պայմաններում փորձարկել դրոշմավորման ամբողջ գործընթացը՝ դրոշմավորման ծածկագրի պատվիրումից մինչև ապրանքի վաճառք և շրջանառությունից դուրսբերում։

