Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ Գուրջյանին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Պիեռ Գուրջյանն անդրադարձել է հայրական կողմից իր մեծ ծնողների՝ Թուրքիայից Բելգիա տեղափոխվելու պատմությանը, Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ «Հայաստան 2020» նախագծի շրջանակներում Հայաստան կատարած այցերին։
Գործադիր ղեկավարության, կառավարման և հասարակական ազդեցության մեծ փորձով ավագ մասնագետ Պիեռ Գուրջյանը՝ ի թիվս այլ հայտնի կառույցների, ութ տարի ղեկավարել է Բրյուսելի Բաց Համալսարանը։ Հայտնի գործիչն ասում է՝ ստացած բարոնի աստիճանին վերաբերվում է որպես պատասխանատվության ու խրախուսում է Բելգիայում ներդրումներ կատարելու շարունակականությունը, հատկապես այն ամենում, ինչը ներառում է այն երիտասարդ տղամարդկանց և կանանց աջակցելը, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ավելի լավ հասարակություն ստեղծելու գործում:
-Ձեր ընտանիքը Բելգիա է ժամանել Զմյուռնիայից` Իզմիրից, որը ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում: Կներկայացնե՞ք Ձեր ընտանիքի պատմությունը:
-Խոսքը հայրական ընտանիքի մասին է, մայրս բելգուհի է՝ Անտվերպենից, ուստի միայն հայրիկիս կողմից է, որ ես ծագմամբ հայ եմ։ Իմ ընտանիքը Բելգիա է ժամանել 1921 թվականին։ Պապս՝ Կարապետ Չարլզ Գուրջյանը, սերում էր Կոստանդնուպոլսի հայ վաճառականների ընտանիքից։ Հիմնականում ապրել է Զմյուռնիայում։ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել։
Այսպիսով, պապս դարձել է ինժեներ և մի քանի տարի աշխատել է Եվրոպայում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ ի թիվս այլ ընկերությունների, աշխատել է Գերմանիայի «Կրուպ» ընկերությունում, իսկ հետո՝ Իսպանիայում: Այնուհետև երիտթուրքական հեղափոխության ժամանակ վերադարձել է Թուրքիա։ Ժամանակներ էին, երբ մոդեռնիզմի քամի կար։ Այնուհետև նա մտել է օսմանյան վարչակազմ և աշխատել երկաթուղիներում։ Ինչքանով ես եմ հասկանում, քանի որ նրան քիչ եմ ճանաչել, բավականին բարձր պաշտոն ուներ օսմանյան վարչակազմում: Նրան է հանձնարարվել դեպի Բաղդադ երկաթուղու շինարարությունը։ Ցեղասպանության ժամանակ նա անհանգստացած չի եղել իր և իր ընտանիքի անվտանգության համար։ Մանրամասն չգիտեմ պատմությունը և, ցավոք, նա երբեք շատ չի խոսել այդ մասին: Թե ինչու չէր անհանգստանում, իմ վարկածն այն է, որ, քանի որ նա սահուն խոսում էր գերմաներեն և ինժեներ էր, օգտակար էր այն ժամանակ օսմանցիների դաշնակից գերմանացիներին [որոնք կառուցում էին երկաթուղին։
1916 թվականին պապս ամուսնացել է տատիկիս հետ, որը ծագումով հայ վաճառականների՝ Էդվարթյանների ընտանիքից էր, որոնք Զմյուռնիայից էին։ Նրանք ապրում էին Զմյուռնիայում, քաղաքի հայերին ու քրիստոնյա փոքրամասնություններին այդ ժամանակ անհանգստություն չէր սպառնում։ Կարծում եմ՝ գերմանացիները պաշտպանեցին կամ գոնե կանխեցին հետապնդումները։ Այսպիսով, նրանք համեմատաբար լավ էին ապրում, իսկ տատիկիս ընտանիքը մեծ ունեցվածք ու արդյունաբերություն ուներ Զմյուռնիայում: Միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ հույները Ֆրանսիայի աջակցությամբ ներխուժեցին Թուրքիա, մեծ ծնողներս հեռացան։ Այդ պահին տատս ու պապս կանխազգացին, որ ամեն ինչ կարող է շատ վատ ընթանալ և, բարեբախտաբար, մինչև հայտնի դեպքերը որոշեցին հեռանալ Զմյուռնիայից: Ստիպված եղան թողնել իրենց ունեցվածքը, գործարանները և կարողությունը: Նրանք եկան հաստատվելու Բելգիայում, մասնավորապես Անտվերպենում, քանի որ նրանց ընկերներից մեկը, ըստ երևույթին, ֆլամանդացի արդյունաբերող էր, որը եղել է Բելգիայի հյուպատոսը Զմյուռնիայում և խրախուսել է նրանց գալ Բելգիա։ Ուստի, նրանք 1921 թվականին հասան Անտվերպեն, ապա Բրյուսել։ Հայրս ծնվել է 1922 թվականին՝ Բելգիայում։ Պապս խոսում էր 7 լեզվով, տատիկս՝ 4։ Իմ տատիկն ու պապիկը լևանտացիներ էին՝ շատ մշակութային, շատ կոսմոպոլիտ աշխարհի ներկայացուցիչներ, որը բաղկացած էր հույներից, հայերից, հրեաներից, ֆրանսիացիներից, իտալացիներից: Մի խոսքով՝ նրանք պատկանում էին մի քաղաքակրթության, որն այժմ անհետացել է: Բնակություն են հաստատել Բելգիայում, ուր ժամանել են միայն իրենց ճամպրուկներով և առանց անձնագրերի, ավելի ճիշտ՝ Նանսենի անձնագրերով, որոնք տրվել են քաղաքացիություն չունեցող անձանց։ Նրանց դիմավորեց Բելգիան, և պապս բիզնես սկսեց՝ Եվրոպայից Մերձավոր Արևելք երկաթուղային տեխնիկա արտահանելով: Ահա՝ մի քանի խոսքով իմ հայկական կողմի մասին։ Բայց հայրս շատ երկրորդ սերնդի մարդ էր, չէր ուզում օտար երևալ։ Հետևաբար, ամենևին էլ չէր հավակնում հայկական ինքնության որևէ ձևի: Հետո ամուսնացավ մորս հետ, որը բելգիացի, ֆլամանդացի էր։ Ինչ վերաբերում է ինձ, ես ծնվել եմ առանց որևէ մշակույթի ուղղակի փոխանցման, բացի ազգանունից, որը, իհարկե, կարևոր գործոն է։ Մինչև 40 տարեկանը ես Բելգիայում բառացիորեն ճանաչում էի ընդամենը 3 հայի։ Այսպիսով, ես բացարձակապես դուրս էի հայկական համայնքից: Երբեք չեմ խոսել այդ լեզվով, տանը նույնպես հայկական խոհանոց չենք պատրաստել։ Հետևաբար, անհապաղ ու անմիջապես փոխանցում չի եղել: Հայաստանով սկսել եմ շատ հետաքրքրվել 2001-2002 թվականներից, բայց այլ տեսանկյունից։ Դա Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի մասնակցությամբ խոշոր նախագծի՝ «Հայաստան 2020»-ի շրջանակներում էր։ Ես շատ ակտիվ էի այս նախագծում։ 2016-2020 թվականներին Հայաստանում էի լինում 6 շաբաթը մեկ անգամ։ Հետևաբար, ես շատ մեծ ներգրավվածություն ունեի Հայաստանում, բայց այսօրվա աշխարհում զարգացման տեսանկյունից, այլ ոչ թե անմիջական մշակութային արմատներով: Ներկայիս Հայաստանում իմ համեստ ներդրումն ուղղված էր ոչ թե արմատներիս հետ կապը վերականգնելուն, այլ այն ստեղծելուն, կամ գոնե այնպիսի ինքնություն ստեղծելուն, որը հիմնված է ավելի քիչ պատմության և ավելի շատ ապագայի նկատմամբ պրոյեկցիայի վրա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։