Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդումներ է անում», ինչը բացարձակապես «ընդունելի չէ» Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար: Այս մասին գրում է isna.ir կայքը:
Նա Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։
«Երկրի դիվանագիտական համակարգը ռուսներին պետք է լուրջ նախազգուշացում տա: Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու համար, մյուս կողմից՝ ռուսները մեկնաբանություն են անում երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբերը, Աբու Մուսան) վերաբերյալ և չգիտես ինչու իրանական կղզիները համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը, իսկ մյուս կողմից՝ միջամտում են Ադրբեջանի և Հայաստանի հարցերին, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ», – ասել է քաղաքական գործիչը։