Ճապոնիայի նորանշանակ արտգործնախարար Տակեշի Իվայան պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նա ընդգծել է, որ Ճապոնիայի նորընտիր վարչապետի առաջ քաշած «ասիական ՆԱՏՕ» ստեղծելու գաղափարն ապագայում հավանական տարբերակներից մեկն է, որը պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
««Ասիական ՆԱՏՕ»-ի գաղափարն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ», – ասել է ԱԳ նախարարը:
Նա շեշտել է, որ Ասիայի համար անվտանգության լավագույն ճարտարապետությունը «չի բացառում տարածաշրջանային ոչ մի երկրի»։
Օրերս Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել էր, որ Ասիայում ՆԱՏՕ-ի նման հավաքական ինքնապաշտպանության համակարգի բացակայությունը տարածաշրջանում նոր ռազմական հակամարտությունների վտանգ է ստեղծում։
«Մեր երկիրը շրջապատող աշխարհաքաղաքական ճգնաժամն այն աստիճանի է հասել, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել։ Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը, որը կապահովի Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային դաշինքի զսպում։ ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը պետք է առանձնահատուկ անդրադառնա ԱՄՆ-ի հետ միջուկային փոխանակմանը կամ միջուկային զենքի տեղակայմանը տարածաշրջանում»,- նշել է Իշիբան: