UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին News.am-ը մի քանի հարց է ուղղել։
–Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել այդ մարդուն հայ ժողովրդի ապագայի մեջ ունեցած հսկայական ավանդի համա՞ր։ Ի՞նչ կասեք։
-Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս առաջնորդները գտնվում են Բաքվի բանտում, քանի որ ցեղասպանության զոհ են։ Դա ուղերձ է Լեռնային Ղարաբաղի ամբողջ ժողովրդին. «Եթե վերադառնաք, մենք կհարձակվենք ձեզ վրա»։ Եվ սա վշտալի է, քանի որ հենց այսպես սկսվեց 1915 թվականի ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքերը ձերբակալեցին հայկական վերնախավին, հիմա էլ նույն բանն է կատարվում։ Նրան բանտում են պահում որպես պատանդ, և սա ուղերձ է մյուս հայերին. «Մի՛ վերադարձեք, մեզ հետ գլուխ չդնե՛ք»։
–Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ շփվե՞լ եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նրան այժմ պահում են Բաքվում։
-Անցյալ տարի, երբ ուսումնասիրում էի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կապվեցի նրա հետ և մենք Zoom-ով զրուցեցինք։ Նա Լեռնային Ղարաբաղի երկու առաջնորդներից մեկն է, որոնց հետ ես խոսել եմ։ Ուստի նրա բանտարկությունը ես շատ ցավոտ եմ տանում։ Ուստի ինձ համար հատկապես կարևոր է այժմ այս դպրոցում լինելը: Այստեղ դուք կարող եք տեսնել նրա գաղափարի մարմնավորումը՝ ուսուցանել երեխաներին ամբողջ աշխարհից այս գեղեցիկ վայրում՝ հայկական գյուղում։ Դա աներաւակայելի է, և ես ցավում եմ, որ նա այժմ բանտում է: Ինձ համար հարց է. ինչպե՞ս կարող է դպրոցը Ռուբենի տխուր փորձառությունը փոխակերպել կրթական նախագծի: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Հակամարտություններ կան Գազայում, Ուկրաինայում, Իսրայելում՝ ամենուր։ Այսպիսով, մենք պետք է երեխաներին սովորեցնենք, թե ինչպես վարվել այս խնդիրների հետ, և այդ պատճառով Ռուբենի հետ կապված ինչ-որ բան անելու գաղափարը չի հանգում հետեւյալ արտահայտությանը. «Երեխաները պետք է ինչ-որ բան անեն այն մարդու համար, որը ստեղծել է այս վայրը»: Մենք պետք է օգնենք նրանց հասկանալ գլոբալ խնդիրների էությունը և սովորեցնել նրանց մասնակցել դրանց լուծմանը։
–Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող մյուս հայ բանտարկյալներին ազատելու համար։ Միջազգային իրավունքի շրջանակում այս խնդրի լուծման հեռանկարներ տեսնո՞ւմ եք, թե՞ լուծումը հիմնականում քաղաքական հարթության վրա է։
-Ոչ, խնդիրն այն է, որ այս մարդկանց կալանքի տակ պահելու պատճառ չկա, և Ադրբեջանում չկան դատավորներ, որոնք կարող էին նրանց ազատ արձակել։ Սա միայն իմ կարծիքը չէ։ 2023 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունն ուսումնասիրեց Բաքվի, Ադրբեջանի դատական համակարգը և պարզեց, որ բանտերում խոշտանգումներ են կիրառվել և սպանություններ կատարվել, և այնտեղ անկախ դատական համակարգ գոյություն չունի: Այսինքն՝ չկա դատական համակարգ, որը կարող է հետաքննել հանցագործությունները։ Մեզ պետք է, որ պարոն Ալիևը ազատի նրանց, և COP29-ը դրան հասնելու հնարավորություն է: Սա պետք է անեն Հայաստանը և մյուս բոլորը։ Հայաստանի և Ռուբենի համար պայքարը պայքար է քաղաքակրթության համար. սա պայքար է նման գաղափարները պաշտպանելու համար։ Սա այն է, ինչ մենք անում ենք և պետք է շարունակենք անել։
– Դուք առաջին անգամ եք UWC Dilijan-ում: Կփոխանցե՞ք ձեր տպավորությունները:
-Այո: Լինելով այստեղ, տեսնում ես շենքերի որակը, դասավանդողների որակը, ծրագրերի որակը, ուսանողների որակը: Ինչպե՞ս կարող է այս ամենը ստեղծող մարդը Բաքվի բանտում լինել։ Մի՞թե սա խայտառակություն չէ ամբողջ աշխարհի համար։
– UWC Dilijan-ում ուսանել են հարյուրավոր ուսանողներ ամբողջ աշխարհից՝ օտարերկրացիներ, որոնք, ի վերջո, կազմում են Հայաստանի պատմությանը և նրա արդի խնդիրներին քաջատեղյակ մարդկանց ցանց: Ի՞նչ կարծիքի եք այս մասին։ Ինչպե՞ս կարող է այս ցանցն օգնել Հայաստանին հաղթահարել ընթացիկ և ապագա մարտահրավերները:
-Չեմ կարծում, որ միայն դպրոցը պետք է համակարգի այս խնդրի լուծումը։ Կարծում եմ՝ մեզ հնարավորություն է պետք միասին ինչ-որ բան անելու։
Այդ իսկ պատճառով այս տարի ես մասնակցեցի գլոբալ արշավի՝ հետևողականորեն օգտագործելով նույն հեշթեգները։ Այդ հեշթեգներն են՝ #StopGreenwashingGenocide (Կանգնեցնե՛լ կեղծ բնապահպաններին) և #FreeArmenianHostages (Ազատություն հայ պատանդներին)։ Տարբեր հայացքներ ունեցող մարդիկ օգտագործում էին նույն հեշթեգները։ Այս կերպ մենք փորձեցինք հասնել կոլեկտիվ գործողությունների ամբողջ աշխարհի մարդկանց մասնակցությամբ՝ հարգելով մշակութային բազմազանությունը: Արշավին մասնակցել են 30 երկրների ներկայացուցիչներ։ Մենք պետք է պայքարենք COP29-ին ընդառաջ, ապա շարունակենք պայքարը համաժողովից հետո, քանի որ միայն Լեռնային Ղարաբաղն ու Ռուբենը չէ, որ վտանգված են: Հայաստանն ինքը վտանգի տակ է։ Ես եղել եմ երկրի հարավում և տեսել, թե ինչպես է Ադրբեջանը ամրանում լեռնային շրջաններում, ուստի ասում եմ՝ «Հայաստանը վտանգված»։ Դա չի ավարտվի COP29-ից հետո: