ԱՄՆ-ում մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում: Hürriyet թերթի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթը CNN TÜRK-ի ուղիղ եթերում հաստատել է Գյուլենի մահվան լուրը:
«Վերջերս նրա առողջությունը չափազանց թույլ էր: Բացի երիկամների անբավարարությունից և շաքարախտից, նա նաև դեմենցիա ուներ», – ասել է Ֆըրաթը։
Գյուլենը մեղադրվում էր 2016-ին Թուրքիայում Էրդողանի դեմ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում էր ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում էր ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար: Սակայն քարոզիչն այդ ամենը հերքում էր: