Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանն արդեն ստորագրի Խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային երթուղիների անցումը կազմակերպելու հարցում. Կազանում անցկացվող BRICS+ գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ դա ամենակարճ ճանապարհն է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։
«Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհը Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք)»,-նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այս երթուղին, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի համար։ «Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ տրամադրել՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխանության իրավասությունը և լիակատար հարգանքը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և ամբողջությամբ ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք»,-ասել է նա։
Նա ևս մեկ անգամ նշել է, որ բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ որևէ երրորդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթում, իրականությանը չեն համապատասխանում։
«ՀՀ խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգ»։ Երկու երկրներում, նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել, որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և հանեց բոլոր փաստարկները՝ կապված հարևան երկրներին ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ՝ հաստատելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ իրավաչափ»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։
«Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ ձևակերպումները, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման հարցի վերաբերյալ, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծումը։
Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօր, համաձայնեցված բովանդակության մեջ, համաձայնագրի նախագիծը ձևակերպում, անդրադառնում և լուծում է բոլոր հիմնարար հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այս համաձայնագիրը»,-նշել է նա։