ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային հանձնաժողովում երբեք խոսք չի եղել Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին. ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն իրավասություն և ինքնիշխանություն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել էր մոտենալ ապաշրջափակման խնդիրների լուծմանը, սակայն «Հայաստանը, Արևմուտքի ապակառուցողական ազդեցության պատճառով, խմբում աշխատանքը դադարեցրել է»:
«Վստահ ենք, որ խմբի շրջանակում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և կապի համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։