Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն եկեղեցին պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, ասվում է թեմի հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ե՞րբվանից է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն… Ցավալի է և վիրավորական, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մի մարդու, որը ոչինչ չի խնայել ազգն ու երկիրը պահպանելու համար և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ է ձեռք բերել», – ասվում է հայտարարությունում։
Թեմը հավելել է, որ խստորեն դատապարտում է իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգին՝ որպես հին մշակույթի կրողի»։
Tert.am-ի տեղեկություններով, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված: ՔԿ-ից դեռ Tert.am-ի հարցմանը չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը դուրս է եկել առանձնատնից և իրավապահների հետ հեռացել՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»: