«Վալենսիայի ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մասոնը հրաժարական տվեց՝ մեկ տարի անց այն աղետից, որը խլեց 229 մարդու կյանք և ճանաչվեց որպես վերջին տասնամյակների ամենաողբերգական բնական աղետն Իսպանիայում»,- այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Նա չփորձեց արդարանալ, չփորձեց մեղավորներ փնտրել իր շուրջը։
Նա պարզապես հայտարարեց․
«Գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել։ Ընդունում եմ դրանք և ապրելու եմ այդ գիտակցությամբ իմ ողջ կյանքում»։
Այս մի նախադասությունը բավարար է՝ ցույց տալու համար, որ եվրոպական քաղաքական մշակույթում ժողովրդավարությունը միայն ընտրական համակարգ չէ, այլ՝ բարոյական ինստիտուտ, որի հիմքում քաղաքական պատասխանատվությունն է։
Իսկ Հայաստանում քաղաքական պատասխանատվությունը վերածվել է ձևականության։
2020-ին Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ներքաշվեց արյունալի պատերազմի մեջ՝ հազարավոր զոհերով և պետականության համար ճակատագրական կորուստներով։
2021-ին Փաշինյանը ոչ թե հեռացավ, այլ վերարտադրեց սեփական իշխանությունը, և հաջորդ հինգ տարիներին ամբողջությամբ տապալեց իր խոստումներն ու պետական կառավարման հիմքերը։
Այժմ՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը կրկին հայտարարում է իր առաջադրման մասին՝ ֆեյսբուքի մեկ բառով․
«Առաջադրվեցի»։
Նույն օրը, երբ Իլհամ Ալիևը Հայաստանը հայտարարեց «պատմական Ադրբեջան»՝ բացահայտ առաջ մղելով ժողովրդագրական էքսպանսիայի գաղափարը։
Երկու առաջնորդների վարքագծային կոնտրաստ:
Իսպանիայում՝ պատասխանատվություն և հրաժարական, Հայաստանում՝ պարտություն և վերարտադրություն:
Մասոնը հեռացավ՝ ընդունելով իր սխալները։
Փաշինյանը մնաց՝ արդարացնելով սեփական ձախողումները։
Եվրոպայում պաշտոնյան հեռանում է անգամ բնական աղետի անարդյունավետ կառավարման համար, Հայաստանում՝ անգամ պետական աղետի պայմաններում, իշխանությունը շարունակում է վերարտադրել ինքն իրեն։
Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե քվեաթերթիկից, այլ՝ քաղաքական պատասխանատվության գիտակցումից։
Երբ վերջինը բացակայում է, առաջինը դառնում է ձևականություն, իսկ պետությունը՝ կառավարման պատրանք»,-գրել է նա։

















