Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։
Բոլոր դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է առավել խստացված ձևաչափով։
ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է.
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում’ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով:

















