Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է նրա աշխատակազմը՝ որոշումը պատճառաբանելով նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկով։
Միևնույն ժամանակ պաշտոնական հաղորդագրությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և կարևորում է համագործակցությունը կազմակերպության շրջանակում, ինչպես նաև անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։
Նշվում է, որ Իլհամ Ալիևը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վերջին նիստին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում։ Բայց նա չի մասնակցել դեկտեմբերի 21-ին անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու է ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և նախատեսվում են նրանց առանձին հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ նման ձևաչափով անցկացվող հանդիպումները սովորաբար ուղեկցվում են երկկողմ շփումներով։

















