Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարևան երկրների առևտրատնտեսական կապերի զարգացումը (հայ-ադրբեջանական առևտրատնտեսական կապեր — խմբ․) չի սպառնում Վրաստանի տարանցիկ դերին։
Նրա խոսքով՝ այն միտքը, որ Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ գործառույթը, ենթադրություն է:
«Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են։ Զգալի ներդրումներ են կատարվում երկրի տարանցիկ դերը ամրապնդելու համար։ Այլընտրանքային միջանցքները պարզապես կլրացնեն առկա ենթակառուցվածքները։ Մեր միակ նպատակն է առավելագույնս օգտագործել մեր ենթակառուցվածքները՝ աճող բեռների ծավալները սպասարկելու համար։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերի զարգացման գործում։ Հաշվի առնելով այս աճը՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը։ Հետևաբար, այս ամենը պարզապես ենթադրություն է», — ընդգծել է Կոբախիձեն։

















