Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հարցազրույց է տվել թուրքական «24 TV»-ին։ Ուղիղ եթերում, պատասխանելով լրագրողի հարցերին, նա անդրադարձել է նաև այսպես կոչված
«Զանգեզուրի միջանցքին»։ Հայտնում է Էրմենիհաբերը։
Ուրալօղլուն մասնավորապես նշել է.
«Ադրբեջանական կողմում իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Կարծում եմ՝ առաջիկա շրջանում կսկսվեն»։
Ըստ նրա՝ Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրանոց հատված։ Դրա մի մասը կվերանորոգվի, իսկ մի մասը՝ կկառուցվի ու այդ աշխատանքները ևս կսկսվեն այս ընթացքում։
«Մեր կողմում գտնվող 224 կիլոմետրանոց հատվածում մենք արդեն սկսել ենք աշխատանքները։ Դրանք շարունակվում են։ Կարելի է այսպես գնահատել․ 4-5 տարվա ընթացքում մենք կյանքի կկոչենք «Զանգեզուրի միջանցքը» և, ըստ էության, կկառուցենք բարձր թողունակությամբ մի միջանցք, որով ուղղակիորեն հնարավոր կլինի հասնել թյուրքական աշխարհին»,- հայտնել է թուրք նախարարը։

















