«Հրապարակ» թերթը գրում է. ««Խաղաղվեք, բոխչաները քանդեք ու տնավորվեք, խաղաղություն է»,- արցախցիներին դիմում է Նիկոլ Փաշինյանը, իսկ հայաստանցիներիս կոչ է անում այլեւս չխոսել վերադարձի օրակարգի մասին, քանի որ դրանով «չենք թողնում, որ էդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն», հրաժարվեն պանդուխտի հոգեբանությունից ու ճամպրուկային տրամադրություններից։
Եվ որպեսզի մարդիկ տնավորվեն, Նիկոլ Փաշինյանը «լավարկում» է բնակարանային աջակցության ծրագիրը։ Փոփոխությունների էությունը շարադրեմ կարճ. նախկինում Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Փարաքարում, Աբովյանում, Նաիրիում, Նոր Հաճնում, Գառնիում, Ջրվեժում եւ հարակից բնակավայրերում բնակարան ձեռք բերող բռնի տեղահանվածները ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ստանում էին 3 մլն, այժմ կստանան 4 մլն: Կոպիտ ասած՝ բոլոր մարզային բնակավայրերում աջակցության չափը կկազմի 4 մլն դրամ, բացի 5 մլն սահմանաչափով բնակավայրերից: Իսկ Երեւանում 1 շնչի համար 3 մլն դրամ են տալիս։ Նախկին կարգավորմամբ, ընտանիքի անդամ էին համարվում մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները, այսօր արդեն՝ մինչեւ 2026 թ. ծնվածները: Այժմ 2 մլն դրամ աջակցությունը կտրվի ոչ միայն հիփոթեքով, այլեւ մյուս վարկատեսակներով բնակարան ձեռք բերողներին: Մեղմացրել են փաստաթղթերի պահանջը: Հիմա հավաստագիր ստանալու համար կարելի է ներկայացնել ոչ միայն հաշիվ-ապրանքագրեր, այլեւ վճարային այլ փաստաթղթեր, օրինակ, ՀԴՄ կտրոն: Եվ վերջին լավությունն արցախցիներին այն է, որ հեշտացվել է շահառուի կարգավիճակ ստանալը: Դրա համար հիմք կարող է դառնալ ոչ միայն Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազան, այլեւ ուրիշ տվյալների բազաներ։ Նկատի առնենք, որ բազմաթիվ «լավարկումներից» հետո էլ տնավորման ծրագրից օգտվողները շատ չեն․ ըստ սոցապնախարարության տվյալների, մինչեւ մարտի 26-ը հավաստագիր է ստացել 5 հազար 232 ընտանիք, որից 2 հազար 336-ն իրացվել է։ Իսկ 24-ի վերջին Հայաստանում բնակություն էր հաստատել 103 հազար 674 արցախահայ, որոնցից ընդամենը 0,8%-ն է դիմել բնակապահովման ծրագրի համար։
Այս տարի այդ թիվը շատ չի ավելացել: «Վերադարձի իրավունքը նույնականացնել տուն տալու հետ՝ կա՛մ անգրագիտություն է, կա՛մ հերթական մանիպուլյացիան: Վերադարձի իրավունքը բացարձակ իրավունք է»,- այսպես է կառավարության ջանքերը «գնահատում» ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: Մենք արժանահավատ աղբյուրներից գիտենք, որ, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք 88-90 թթ․ ինքնուրույն են լքել Հայաստանը, փոխանակել կամ վաճառել իրենց տները, արցախցիներին տեղահանել են ագրեսիայի, սպանությունների միջոցով, զենքի օգտագործմամբ, եւ, ըստ Լարիսա Ալավերդյանի, սա իրենց՝ այստեղ բնակարան ձեռք բերելու հետ կապ չունի:
«Մենք 20 թվականից ունենք բռնի տեղահանված մարդիկ, որոնք պետք է դիտարկվեն իբրեւ ցեղասպանությունից փրկված: Անձը կարող է ունենալ սեփականություն, ձեռք բերել անշարժ գույք, դա կապ չունի վերադարձի իրավունքի հետ, որը բացարձակ իրավունք է, եւ այս հարցը պետք է միշտ մնա քաղաքական օրակարգում, ոչ թե քաղաքական անօգնականության, անմեղսունակության մակարդակով փորձել խլել ու մերժել այդ իրավունքը: Օրվա վարչակազմը ոչ միայն չի բարձրացնում վերադարձի իրավունքի հարցը, այլեւ ասում է, որ դա պետք է մոռացվի: Պետք է հաշվի առնել, որ բոլոր արցախցիները մինչեւ 2023 թվականը եղել են ՀՀ քաղաքացիներ, եւ գործող վարչակազմը պարտավոր էր պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, ինչը նա չի արել, իսկ սա նշանակում է, որ իրենք չեն կատարել իրենց պարտականությունները` որպես ղեկավարներ, որոնք հանդես են եկել այս գործընթացի մեջ որպես բանակցային կողմ, ու մարդկանց վիճակի համար ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է այս վարչակազմի վրա»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է բնակարանային ապահովման ծրագրերին՝ սերտիֆիկատ տալու միջոցով, ապա, ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի, այդ մոդելը բոլոր պետությունների կողմից մերժված է, քանի որ այն աղավաղում է բնակարանային շուկան: «Եթե դու պետական մակարդակով շրջանառության մեջ ես նետում ինչ-ինչ գումարներ, դա աղավաղում է անշարժ գույքի բնակարանային շուկան: Երկրորդը․ ի վերջո, վաճառվում են այդ բնակարանները, դրանք նվեր չեն, ինչ-որ ժամանակ հետո նրանք պետք է վերադարձնեն գումարը, որը տրվում է»:
Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը վստահեցնում է՝ 3 մլն դրամը դարձնելով 4 մլն, կառավարությունն ավտոմատ կերպով 1 մլն դրամով թանկացնում է գույքը, եւ արդյունքում ոչինչ չի փոխվում: «Ես մարդ գիտեմ, որը 90 հազար դոլարով ուզել է տուն գնել, արդեն վաճառողի հետ պայմանավորվածգնացել է, բայց 4 մլն դարձնելուց հետո այդ մարդը 5 հազարով ավելացրել է գինը»,- ասում է նա եւ հիշեցնում. «Վերադարձի իրավունքը նաեւ արցախցիների հայրենիքում թողած սեփականությունն է, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել»:
Կառավարության վերջին «լավությունը», դրա նոր կետերը արցախցիների համար անհասկանալի են: Նրանք սոցցանցերում հարցեր են հնչեցնում: Ամենամտահոգիչը թերեւս այն է, որ Երեւանում հանգրվանած մեր հայրենակիցների համար ոչինչ չի փոխվել: Ինչո՞վ ենք մենք տարբերվում մյուսներից, որ 3 միլիոնը գոնե 4 չեն ուզում դարձնել՝ հարցնում են նրանք: «Խի Երեւանում բնակվողները բռնի տեղահանված չե՞ն: Դա ի՞նչ ջոկողություն ա: 2 ուսանող ունեմ, հա՛մ մարզում տուն վարձեմ, հա՛մ քաղաքո՞ւմ: Ո՞նց գնան-գան»,- հարցնում է Երեւանում տուն վարձակալած արցախցի կինը: «Շատ-շատ ուժեղ նորություն էր, 3 տարի նստած՝ դրան էինք սպասում, ուրիշ բան չասեմ»,- հեգնում է մյուսը։ Ոչ մի լավ լուր կառավարությունը չունի այն անձանց համար, որոնք դեռ Արցախում ապրելու ժամանակ վարկեր էին վերցրել չէին կարողացել վճարել եւ ընկել էին սեւ ցուցակ: Նորություն չունի նրանց համար, որոնց գործերը ԴԱՀԿ-ում են: Նրանք չեն կարող բանկերի հետ գործարքներ անել, իսկ այդպիսիք քիչ չեն: Արցախից բռնի տեղահանվածներն այսօրվա Հայաստանում ամենաունեզրկված խավն են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

















