Պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշման վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Lenta.ru-ի հետ զրույցում սենատորը մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարությանն ԱԺ-ում։
«Նման հայտարարություններն, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք՝ որպես ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենն օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ ցավալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- ասել է Կարասինը։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին ասել էր․ «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք, երբ դուրս կգանք, բա կարող է հետ գնա՞նք, ուրիշ ճանապարհ չկա»։
Դահլիճից պատգամավորներից մեկը հակադարձել էր՝ էդպես ո՞ւր եք գնում, Փաշինյանն էլ պատասխանել էր․ «Ասեմ՝ ուր ենք գնում ու նույնիսկ հասել ենք տեղ, գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն, իսկ այնտեղ մի՛ անհանգստացեք, հետ չենք գնա, չենք ասում, որ ձեր տրամադրությունն հանկարծ չընկնի»։