Սմարթֆոններից, համակարգիչներից և հեռուստացույցի էկրաններից արձակվող կապույտ լույսը ոչ միայն ազդում է քնի որակի վրա, այլև կարող է առաջացնել մաշկի առողջության հետ կապված տարբեր խնդիրներ, հայտնում է ScienceAlert կայքը։
Նախ` կապույտ լույսը մեծացնում է մելանինի արտադրությունը, որը մաշկի բնական պիգմենտն է, որը մաշկին տալիս է իր գույնը։ Երկրորդ՝ չափազանց շատ կապույտ լույսը կարող է վատթարացնել հիպերպիգմենտացիան՝ մելանինի գերարտադրությունը, որը հանգեցնում է մուգ բծերի առաջացմանը մաշկի վրա, հատկապես ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ:
Բացի դրանից՝ կապույտ լույսը կարող է ոչնչացնել կոլագենը՝ կառուցվածքային սպիտակուցը, որը մաշկի հիմնական բաղադրիչն է: Սա կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման և կնճիռների առաջացման: Այնուամենայնիվ, որպեսզի այս էֆեկտն ի հայտ գա, անհրաժեշտ է երկարաժամկետ և կապույտ լույսով շարունակական «ճառագայթում», ընդորում՝ մոտ հեռավորության վրա:
Կապույտ լույսը կարող է մեկ այլ խնդրի պատճառ դառնալ․ այն արգելակում է մելատոնինի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել քնի հետ կապված խնդիրների: Քնի պակասն իր հերթին կարող է առաջացնել բորբոքային պրոցեսներ օրգանիզմում և վատթարացնել մաշկի մակերեսի վիճակը։
Զգայուն մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի խնամքի միջոցներ, որոնք կարող են օգնել՝ մեղմելու կապույտ լույսի բացասական ազդեցությունը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ չկան հետազոտություններ այն մասին, որ այդ միջոցները պաշտպանում են մաշկը էկրանից արձակվող կապույտ լույսի ազդեցությունից։