Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։
Տեղեկությունն իրացվել է փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնել է, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















