«Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արասթուն Օրուջլուն Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները նկարագրում է որպես «քաոսի» ցուցիչ։ Խոսքը Ադրբեջանի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ Ալիևի դեմ ենթադրյալ մահափորձի և այլ թեմաների մասին է»,- այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Իր հարցազրույցում Օրուջլուն խոսում է Ադրբեջանի հանրության ներսում առկա հսկայական դժգոհության ու դա պարպելու հարցերի մասին։ Շատերը մեզ մոտ հարց կտան՝ իսկ ինչու՞ պետք է Ադրբեջանում դժգոհ լինեն Ալիևից։ Շատերը չեն պատկերացնում ավտորիտար համակարգից եկող անմարդկային ճնշումը, այնտեղ առկա սոցիալական խնդիրները։
Ադրբեջանը՝ որպես պետություն, թերագնահատվում է կամ գերագնահատվում է մեզ մոտ։ Մինչդեռ այդ պետությունը ունի բազմաթիվ խնդիրներ, համակարգն ունի խոցելի կողմեր, որոնք չեն ուսումնասիրվում մեզ մոտ պետական մակարդակով։ Վախերով առաջնորդվող կամ ադրբեջանական պահանջների հլու հնազանդ կամակատարի դերակատարում ստանձնած իշխանության փոխարեն, եթե ունենանք պետական շահերը սպասարկող իշխանություն, ապա շատ հարցերում կարող ենք հաջողել, այդ թվում՝ տեղեկատվական ու դիվանագիտական պայքարի հարցում»,-գրել է նա: