«Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու՝ Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդումները քաղաքական շահարկումներ են։ Պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա, այդ տեղեկությունները կեղծ են»,– ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ։
Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն՝ սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։
«Սա և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել, եթե երկրներից որևէ մեկը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի: Հետևաբար, հռչակագրի այս կետը, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,-պարզաբանել է նա։
Ալիևը նաև ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ է հասել «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»: