«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ ազնիվների մոտ կառաջացնեն հարցեր, որոնք ունեն ընդամենը մեկ պատասխան։
Փաստաթուղթ առաջինի համաձայն՝ ՊՆ-ն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ կնքել է 7 միլիոն դրամի պայմանագիր, որը ոչ թե «ելակ է զինվորների համար», այլ «Երեմյան» ցանցի՝ երևանյան ռեստորաններից որևէ մեկում պարբերաբար կազմակերպվող ընթրիք՝ մինչև տարվա վերջ։ 2-րդ փաստաթուղթը վկայում է, որ «ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն: Այն է՝ ՊՆ փոխնախարար Բրուտյանը և Դավիթ Երեմյանը 12.08.2024թ. կնքում են նոր պայմանագիր՝ «Համաձայնագիր թիվ 1», ըստ որի՝ 7 միլիոնը դառնում է 10 միլիոն դրամ, այնուհետև, մեկ ամիս անց՝ 09.09.2024թ., կնքվում է «Համաձայնագիր թիվ 2»-ը, և բյուջեից՝ անհայտ անձանց սնվելու գումարը արդեն դառնում է 13 միլիոն դրամ։
Կարծում ենք, որ օպերատիվ աշխատանքին տիրապետող կառույցները և կոռուպցիայի «մասնագետ» Նիկոլ Փաշինյանը, կարդալով հոդվածը, կհասկանան, որ «ատկատը» թերևս արվում է հենց այս սխեմայով, և պետք է քննություն սկսել. ԶԼՄ-ն ի զորու չէ դա անելու»։