Իսրայելական Ynet հրատարակության տվյալներով՝ Միացյալ Արաբական Էմիրությունները առաջին անգամ հարձակում են գործել Իրանի տարածքի վրա։ Հրատարակության տվյալներով՝ թիրախը եղել է աղազրկման գործարանը։ Իսրայելը կարծում է, որ սա ազդանշան է իրանական ռեժիմին, սակայն եթե Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների վրա ակտիվանան, ԱՄԷ-ն կարող է միանալ Թեհրանի դեմ ռազմական արշավին, նշում է Ynet-ը։
The Jerusalem Post-ը նույնպես հաղորդել է Իրանում աղազրկման գործարանի վրա ԱՄԷ-ի հարձակման մասին՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Այս շաբաթվա սկզբին հակաօդային պաշտպանության կողմից խոցված իրանական անօդաչու թռչող սարքը հրդեհ է առաջացրել Ֆուջեյրա էմիրության նավթի վերամշակման գոտում։ Մարտի 7-ին իրանական անօդաչու թռչող սարքն ընկել է Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում:
Այն բանից հետո, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ, վերջինս անօդաչուներով հարձակվեց ամերիկյան ռազմակայանների և տարածաշրջանի երկրների այլ օբյեկտների վրա: Հակամարտության կողմերի հարձակումները, բացի Իրանից և Իսրայելից, ազդել են ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Իրաքի, Քուվեյթի, Բահրեյնի, Քաթարի, Ադրբեջանի, Կիպրոսի և Լիբանանի վրա:

















