Լեհաստանը ցանկանում է քննարկումներ սկսել Եվրամիության Արևելյան գործընկերության ֆորմատը վերականգնելու ուղղությամբ՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։
Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»,- նշեց Դուդան։
Նա ասաց, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում։
«Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։
Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», – ընդգծեց Անջեյ Դուդան։