Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակմանն ի պատասխան՝ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաին սպառնացել է Վաշինգտոնին, որ ամերիկյան զորքերն ու նավերը «կհայտնվեն գերեզմանոցում»։
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից շրջափակումը համեմատեց ծովահենության հետ՝ այն անվանելով «շատ շահավետ բիզնես»։ Ապրիլի սկզբին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնեց իրանական «Տուսկա» առևտրային նավի առգրավման մասին, որը փորձում էր ճեղքել Օմանի ծոցում ԱՄՆ-ի կողմից շրջափակումը։ Թեհրանը նավի առգրավումը համարեց հարձակում և հրադադարի խախտում։
«ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենական երկիրն է, որն ունի ավիակիր։ Ծովահենների դեմ պայքարելու մեր կարողությունը հավասար է ռազմանավեր խորտակելու մեր կարողությանը։ Պատրաստվեք, որ ձեր նավերն ու զորքերը կհայտնվեն գերեզմանոցում, ինչպես ձեր ինքնաթիռի բեկորները Սպահանում», — գրել է Ռեզաին իր X սոցիալական ցանցի էջում։

















