ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որ USAID-ն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է Միացյալ Նահանգների շահերին հակասող ծրագրերի ֆինանսավորման վրա:
«Մենք իսկապես հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կդադարի այն գարշելի համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (NED) և այլ համապատասխան կառույցների միջև», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Թրամփը քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:
USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ: