Արցախահայությունը համախումբ պետք է ապրի Հայաստանում և պետք է ստեղծվեն պայմաններ, որ նրանք լիիրավ մնան ու չարտագաղթեն: Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի, հատկապես արցախահայերի վերադարձն ինչպես են պատկերացնում:
«Համաշխարհային առումով պետք է աշխատանք տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև մի շարք պետություններ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհություն են հայտնել: Իսկ հարցի լուծումը պատկերացնում ենք՝ միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների հիման վրա ժողովուրդը վերադառնա իր բնիկ հողերը»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս ուղղությամբ հետաքրքրված երկրներ կան:
Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն արցախահայության վերադարձի հարցի հետ կապված աշխատանքներ է տանում և որ խորհրդակցությունները տեղի են ունենում ամենաբարձր մակարդակներում, օրինակ, Ֆրանսիայի պարագայում՝ նախագահական պալատի հետ, Ամերիկայի դեպքում՝ նոր վարչակարգի հետ:
«Երբ պաշտոնական Հայաստանն այն կեղծ կարծիքն է շրջանառության մեջ դնում, որ հարցերը լուծման են առաջնորդում, բնականաբար, դժվարանում է մեր աշխատանքը, որովհետև մենք ճիշտ հակառակ թեզն ենք պնդում՝ ասելով՝ ո՛չ, Արցախի հարցը առկա է, բանակցային գործընթացը պետք է վերականգնվի, հավաքական վերադարձի խնդիր գոյություն ունի, միջանկյալ կարգավիճակի խնդիր կա, և, վերջիվերջո, պետք է ճշտվի Արցախի վերջնական կարգավիճակը: Բարեբախտաբար, մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանն համաձայն են այն իրողությանը, որ Արցախի հարցը լուծված չէ: Դժբախտաբար, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են համաձայն, թե Արցախի հարցը լուծված է»,- ասաց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Տեր-Խաչատուրյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի հարց չկա, որովհետև մենք չենք հավատում, որ Ադրբեջանը խաղաղություն է ցանկանում: Ինչ-որ լինում է շինծու խաղաղության օրակարգ է և ժողովրդին ապակողմնորոշելու և միակողմանի զիջումներն արդարացնելու փորձ է: Թուրքիան և Ադրբեջանն իրենց կեցվածքներով և իրենց ունեցած դիրքորոշումներով նշում են, թե իսկապես իրենք ձգտում են խաղաղության: Բայց ամեն անգամ երբ Հայաստանն առաջարկում է պայմանագիր ստորագրել, Ադրբեջանից արձագանք չի ստանում, ստանում է հավելյալ պահանջներ, հավելյալ զիջումներ և նորանոր այլանդակություններ՝ ինչպես «Արևմտյան Ադրբեջանի» պահանջն է: Բնականաբար, բոլորս էլ խաղաղություն ցանականում ենք, բայց այն պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»: