Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցները և նրանց ընտանիքներն անվտանգության նկատառումներով կտարհանվեն: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլին:
«Այո, նրանք դուրս են գալիս, քանի որ Մերձավոր Արևելքը կարող է վտանգավոր վայր լինել»,- Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Թրամփը՝ հավելելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հունիսի 11-ին հայտարարել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, և Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին, Թեհրանը կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին: Թեհրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, և միջուկային զենք ստեղծելու նպատակ չկա: