Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: Մենք անմիջապես երկկողմ դիվանագիտական ուղիներով կապ ենք հաստատել Երևանի հետ՝ պարզաբանումների համար: Նախկինում մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել ինչ-ինչ պատճառներով ՀՀ իշխանություններին չգոհացնող ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործել թույլ չտալու արատավոր պրակտիկան», – ասել է Զախարովան:
Օրեր առաջ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան, ինչից հետո նա ստիպված է եղել Մոսկվա վերադառնալ: Ինչպես հաղորդել էր Ռուսաստանի հայերի միությունը, Միհրանյանը Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Ավելի վաղ ՀՀ իշխանություններն արգելել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը: